November 30

Առասպել Գեղարդ վանքի մասին

Եղբայրն ու քույրը խոստում տվեցին աստվածահաճո վանք կառուցել, որպեսզի իրենցից հետո աշխարհին թողնեն անմոռաց հիշատակ: Նրանք ճանապարհորդեցին Հայաստանով, հասան մինչև Գառնիի խորաձորը. նրանց առաջ դեպի լեռները հեքիաթային հիասքանչ տեսարան բացվեց: Որոշում են հենց այստեղ էլ կառուցել տաճարը: Ժամանակը անցնում էր, եղբայրն ու քույրը թափառում էին մի տեղից մյուսը, բայց ոչ մի կերպ չէին կարողանում գտնել այն ժայռը, որը հարմար կլիներ Աստծո տաճարը կառուցելու համար. կարծես թե ամեն անգամ ինչ¬որ խորհրդավոր մի ձայն շշնջում է. «Ո՛չ, ո՛չ, դա այն ժայռը չէ»… Եվ մի օր քույրն, իր ձեռքերը վեր կարկառելով, խնդրեց Աստծուն օգնել նրանց, որ կարողանան գտնել կառուցման տեղը:

Իսկ առավոտյան, երբ արևը դեռ նոր էր ոսկեզօծել լեռնային գագաթները, եղբայրն ու քույրը բացեցին իրենց աչքերը և լույսի մի վառ ճառագայթ տեսան: Նա ելնում էր մի մեծ ժայռի գագաթից: Նրանք բարձրացան ժայռի վրա ու երիտասարդ դյուցազնը, վերցնելով իր ձեռքը սուրսայր բրիչն ու ծանր կռանը, սկսեց թործել ժայռը, օրեցօր ավելի ու ավելի խորանալով նրա մեջ: Իսկ քույրը իջեցնում էր փորած անցքի մեջ իր երկար հյուսերը, կապելով նրանց ծայրերից զամբյուղը, ու վերև էր բարձրացնում ժայռի կտորտանքները: Անցնում էին օրերն ու շաբաթները, և աստիճանաբար, գիշեր ու ցերեկ չարաչար աշխատելով, նրանք կարողացան այդ շատ ամուր ժայռի մեջ փորելով՝ կերտել մի աննման տաճար: Ու երբ նայեցին տաճարին նորից, մնացին ափուբերան՝ նրա խստակամ ու կատարյալ տեսքը ապշեցուցիչ էր: Պսակված հիասքանչ կատարով, զարդարված զմայլելի փորազարդերով, փորաքանդակներով ու սյունագավիթով, այդ տաճարը դարձավ մարդկային հոգու կատարյալ կերտություն:

Եղբայրն ու քույրը ապրեցին այդ տաճարում մինչև իրենց կյանքի վերջը: Եղբոր ու քրոջ մահից առաջ կատարվեց ևս մի դեպք: Ժամանակին առաքյալներ սուրբ Բարդուղիմեոսը և սուրբ Թադևոսը հանձնել էին սուրբ Էջմիածնի վանքին հռոմեական լեգեոներ Լոնջինի գեղարդը, որով նա խոցել էր խաչված Հիսուս Քրիստոսի մարմինը, որ համոզվի նրա մահացած լինելուն: Թշնամիներից թաքցնելու համար և այդ գեղարդը ապահով տեղ պահելու նպատակով մասունքը տրվեց նորակառույց վանքին: Եվ այստեղից ծագեց վանքի անունը՝ Գեղարդ: Այդ սրբությունը պահպանում է վանքը քամիներից ու փոթորիկներից, կայծակներից ու հրաբուխներից, մարդկային դաժանությունից ու թշնամու ներխուժումներից:

Գեղարդի վանք

Միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։ Վանքն  անվանում են նաև Այրիվանք 140-ի հասնող քարայր-խցերի պատճառով:  Ասում են,որ գեղարդը ունի բուժիչ հատկություններ, ու դրա մասին ամբողջ աշխարհով էր հայտնի, և շատերն էին ցանկացել գեղարդը գողանալ, որպեսզի իրենց վերքերը բուժեին, կամ էլ որևէ փառքի հասնեին, բայց ամեն անգամ, երբ ուզեցել են գեղարդը գողանալ, մի հրաշք կատարվել է, և չեն կարողացել:

November 30

Գառնու տաճարի մասին

Գառնիի տաճարը անվնաս է մնացել Տրդատ 3-րդ թագավորի քրոջ` Խոսրովդուխտի շնորհիվ: Խոսրովդուխտը խնդրում է եղբորը չավիրել Գառնու տաճարը, քանի որ այն շատ կարևոր է իր համար։  Թագավորը ընդառաջում է քրոջ աղերսին և հրահանգում սահմանափակվել միայն հեթանոսական Աստծո պատկերները ոչնչացնելով:

Միհրի տաճարը վերակառուցվել է 5 անգամ

Անտիկ դարաշրջանին պատկանող Գառնու տաճարը կառուցվել է առաջին դարում։ Գրեթե 1500 տարի  կանգուն մնալուց հետո ավերվել երկրաշարժից, ապա վերակառուցվել։ Այսպես` Գառնու տաճարը փլատակներից հառնել է 5 անգամ, իհարկե, փլուզման պատճառները եղել են տարբեր։

Տաճարի 24 սյուները խորհրդանշում են օրվա 24 ժամերը, իսկ տաճար տանող աստիճաններն այնքան խոշոր են և դժվար մագլցելի, որ վերև հասնելուց հետո դժվար է պատկերացնել, որ ընդամենը 9 աստիճան ես բարձրացել։ Աստիճանների բարձրությունը ևս պատահական չէ։ Նույնիսկ ամենաթիկնեղ և բարձրահասակ մարդը, բարձրանալով տաճար, ստիպված է խոնարհվել ամեն աստիճանի հետ։ Աստիճանների հանդիսավոր վերելքը պահանջում է  դանդաղ, վեհապանծ ռիթմ. անհնար է վազել բարձր աստիճաններով, ստիպված ես խոնարհվել ու խորհել։